Գոլիզմ
ֆրանսիական քաղաքական դիրքորոշում / From Wikipedia, the free encyclopedia
Գոլիզմ (ֆր.՝ Gaullisme), ֆրանսիական արտաքին քաղաքական դիրքորոշում, որը հիմնված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրություն շարժման առաջնորդ, հետագայում Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության հիմնադիր նախագահ գեներալ Շառլ դը Գոլի քաղաքական հայացքների և գործողությունների վրա[2]։
Գոլիզմ | |
---|---|
Տեսակ | քաղաքական գաղափարախոսություն |
Երկիր | Ֆրանսիա |
Անվանված է | Շառլ դը Գոլ |
Գոլիզմի դիրքորոշման հիմնական առանձնահատկություններն են․ օտար երկրներից Ֆրանսիայի անկախություն և ինքնուրույն արտաքին քաղաքականություն, սոցիալական հարցերում՝ պահպանողականություն և տնտեսական հարցերում՝ դիրիժիզմ[Ն 1]։ Որպես կանոն համարվում է, որ գոլիզմն ունի աջակողմյան ուղղվածություն[4]։
Գոլիզմի խորհրդապատկերը Լոթարինգիական խաչն է (☨)։
Ըստ Սերժ Բերսթեյնի[Ն 2], գոլիզմը «ո՛չ դոկտրին է, ոչ էլ քաղաքական գաղափարախոսություն», և այն չի կարող համարվել ձախ կամ աջ ուղղվածության։ Առավելապես՝ «հաշվի առնելով իր պատմական առաջընթացը, այն իշխանության պրագմատիկ կիրառում է, որը զերծ չէ հակադրություններից և պահի անհրաժեշտություններից բխող զիջումներից, նույնիսկ եթե գեներալի ծանրակշիռ խոսքը գործնականում գոլիզմին տալիս է խորքային և լիովին իրագործելի թվացող ծրագրային գրավչություն»։ Գոլիզմը «յուրահատուկ ֆրանսիական ֆենոմեն է, անկասկած, քսաներորդ դարի ֆրանսիական քաղաքական ֆենոմենի կվինտէսենցիա»[2]։
Լոուրենս Դ. Կրիցմանը պնդում է, որ գոլիզմը կարող է դիտվել որպես Ժյուլ Միշլեի ավանդույթներին համապատասխան ֆրանսիական հայրենասիրության ձև։ Նա գրում է. «Քաղաքական սպեկտրում աջի հետ միաձուլվելով՝ գոլիզմն, այնուամենայնիվ, հավատարիմ մնաց Հեղափոխության հանրապետական արժեքներին և այդպիսով հեռացավ ավանդական աջակողմյան առանձնահատկությունների հավակնություններից և նրա այլատյացության պատճառներից, գոլիզմն իր առաքելությունը համարեց ազգային ինքնիշխանությունը և միասնությունը, ինչը տրամագծորեն հակադրվում էր դասակարգային պայքարի նկատմամբ ձախակողմյան հավատարմությամբ ծնված պառակտմանը»[6]։