Պսկովի Հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Պսկով (լատին․՝ Plescoviae[1]), տարբեր ժամանակահատվածներում հայտնի որպես՝ Պսկովի իշխանապետություն (ռուս.՝ Псковское княжество) կամ Պսկովի հանրապետություն (Псковская Республика), պետական կազմավորում միջնադարյան Ռուսիայում 13-րդ դարի 2-րդ կեսից 16-րդ դարի սկզբին։
Պսկովի հանրապետություն Псковская Республика | |
---|---|
Կարգավիճակ | պատմական պետություն |
Պետական լեզու | Եկեղեցական սլավոնական |
Մայրաքաղաք | Պսկով |
Պետական կարգ | խառը կառավարում |
Կրոն | ուղղափառություն |
Հիմնադրված է | 1348 թ. |
Առաջացել է Ռուսիայի մասնատումից (12-րդ դար) հետո։ Պսկովը իր հարակից տարածքով (Վելիկայա գետի ավազան, Չուդ և Պսկով լճերի ու Նարովա գետի շրջանը) մտել է Նովգորոդի ֆեոդալական հանրապետության մեջ՝ պահպանելով որոշ ինքնավարություն։
Լիվոնյան օրդենի դեմ պայքարին (1240 և 1242 թվականներին) մասնակցելու շնորհիվ մեծացել է Պսկովի նշանակությունը և 13-րդ դարի կեսից այն փաստորեն դարձել է ինքնուրույն (իրավաբանորեն ձևակերպվել է 1348 թվականին)։
Նովգորոդյան բոյարները դադարել են Պսկով ուղարկել իրենց կառավարիչներին, և Պսկովը Նովգորոդից կախյալ է մնացել միայն եկեղեցու առումով։
Պսկովի հանրապետությունում տարածված է եղել երկրագործությունը, ձկնորսությունը, զարգացած էին արհեստները (դարբնությունը, շինարարական գործը, ոսկերչությունը), առևտուրը (հատկապես՝ Նովգորոդի և մյուս ռուսական, մերձբալթիկյան ու արևմտաեվրոպական քաղաքների հետ)։
Եղել է խոշոր առևտրաարհեստավորական կենտրոն։ Պսկովի հանրապետությունում (ի տարբերություն Նովգորոդի հանրապետության) չկային խոշոր ավատատերեր։ Պսկովյան հանրապետությունում ձևավորված սոցիալական հարաբերություններն արտացոլվել են Պսկովյան դատաստանագրքում։ Պետությունը ղեկավարում էր Վեչեն, որին ենթակա էին իշխանները։