Ֆինանսական բուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆինանսական բուրգ (նաև ներդրումային բուրգ, սխեմա կամ Պոնցիի խաղ), կառույցի անդամներին եկամուտներով ապահովելու համակարգ` նոր անդամներից անընդհատ միջոցներ ներգրավելով. բուրգի առաջին անդամներին եկամուտները վճարվում են հետագա միջոցների հաշվին։ Շատ դեպքերում եկամտի իրական աղբյուրը թաքցվում է, որի փոխարեն հայտարարվում է մտացածին կամ աննշան տեղեկություն։ Իսկ տեղեկատվության փոխարինումը կամ թաքցնումը համարվում է խարդախություն։
Որպես կանոն, ֆինանսական բուրգի հիմնադիրները ներդրողներին խոստանում են բարձր եկամուտ, որը երկար ժամանակ չի կարող պահպանվել։ Ավելին, բուրգի բոլոր մասնակիցների պարտավորությունները մարել՝ ակնհայտորեն անհնար է։
Սովորաբար, ֆինանսական բուրգերը գրանցվում են որպես առևտրային հաստատություններ և միջոցներ են հավաքագրում մի քանի ծրագրի ֆինանսավորման համար։ Եթե ծրագրի իրական շահութաբերությունը ցածր է ներդրողներին խոստացված եկամտից կամ ընդհանրապես բացակայում է, նշանակում է, որ նոր ներդրողների միջոցների մի մասն ուղված է եկամուտ վճարելուն։ Այս իրավիճակի տրամաբանական արդյունքը ծրագրի սնանկությունն է և վերջին ներդրողների կորուստները։ Հավաքագրված միջոցները ուղղված չեն իրացվելի ակտիվների գնմանը, բայց դրանք անմիջապես օգտագործվում են նախորդ մասնակիցներին վճարելու, նախագիծը գովազդելու և կազմակերպիչների եկամուտների համար։ Որքան երկար է բուրգը գործում, այնքան ցածր է լուծարքի դեպքում հավանական վերադարձի տոկոսը։
Ֆինանսական բուրգի և իրական բիզնես ծրագրի միջև հիմնարար տարբերությունը եկամտի աղբյուրն է։ Եթե կայուն վճարված եկամտի չափը գերազանցում է հավելյալ արժեքի քանակը, որն ապահովում է տվյալ բիզնեսը, ապա վստահորեն կարող ենք ասել, որ նախագիծը բուրգ է։
Ֆինանսական բուրգերն ապօրինի և բացահայտորեն արգելված են շատ երկրներում՝ Ավստրալիա, Ավստրիա, Ալբանիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Իրան, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Կանադա, Չինաստան, Կոլումբիա, Մալայզիա, Մեքսիկա, Նեպալ, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Ռումինիա, ԱՄՆ, Թաիլանդ, Թայվան, Թուրքիա, Ուկրաինա, Ֆիլիպիններ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա, Շրի Լանկա, Էստոնիա, Հարավային Աֆրիկա, Ճապոնիա։
Արաբական Միացյալ Էմիրություններում ֆինանսական բուրգերի ստեղծման և զարգացման համար սահմանված է մահապատիժ[1][2]։ Չինաստանում դրա համար ևս հնարավոր է մահապատիժ։ Որոշ երկրներում, որտեղ քրեական օրենսդրությունը չի պարունակում այս գործունեությունը պատժող առանձին հոդված, ֆինանսական բուրգի ստեղծումը կարող է որակվել որպես այլ հանցագործություն։ Օրինակ՝ 2016 թվականի սեպտեմբերին Բելառուսի Հանրապետությունում միջազգային ֆինանսական բուրգի ստեղծողները ձերբակալվել են ապօրինի բիզնես գործունեության մեղադրանքով[3]։
Ռուսաստանում նման գործունեությունն արգելվում է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 172.2-րդ հոդվածով[4]։