Շվեդիա
սահմանադրական միապետություն Հյուսիսային Եվրոպայում / From Wikipedia, the free encyclopedia
Շվեդիա (շվեդ.՝ Sverige), պաշտոնապես Շվեդիայի Թագավորություն (շվեդ.՝ Konungariket Sverige), Սկանդինավյան երկիր Եվրոպայի հյուսիսում։ Այն սահմանակցում է Նորվեգիային արևմուտքից ու հյուսիսից և Ֆինլանդիային արևելքից։ Այն կապված է Դանիային հարավ-արևմուտքից Էրեսունդի կամրջով։ 447 435 կմ² տարածքով Շվեդիան Եվրոպական միության մեջ տարածքով երրորդ խոշոր երկիրն է։ Շվեդիայի բնակչությունը մոտ 10 միլիոն է, որոնցից 2,3 միլիոնը ունի օտար արմատներ[3]։ Շվեդիայում բնակչության խտությունը ցածր է, 22 մարդ/կմ քառակուսի։ Բնակչության մեծ մասն ապրում է երկրի հարավային մասում։ Բնակչության մոտ 85 %-ը ապրում է քաղաքային տարածքներում[4]։
Գերմանական ցեղերը բնակություն են հաստատել Շվեդիայում անտիկ դարաշրջանից, պատմության մեջ հայտնի որպես Գյոտեր/Götar և Շվեդեր/Svear և ծովափնյա ժողովուրդները կոչվել են Նորսմեններ։ Հարավային Շվեդիայում հիմնականում զարգանում է գյուղատնտեսությունը, մինչդեռ հյուսիսը պատված է սաղարթախիտ անտառներով։ Շվեդիան Ֆեննոսկանդիա աշխարհագրական տարածաշրջանի մասն է։ Շվեդիայի կլիման հիմնականում մեղմ է իր հյուսիսային դիրքին ոչ բնորոշ, իսկ ամառները հիմնականում լինում են տաք։ Ներկայումս Շվեդիան սահմանադրական միապետություն է իր ժողովրդավարական խորհրդարանական համակարգով, որտեղ միապետը պետության ղեկավարն է ինչպես հարևան Նորվեգիայում։ Մայրաքաղաքը Ստոկհոլմն է, որը նաև ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքն է երկրում։ Օրենսդրական իշխանությունը պատկանում է 349 անդամ ունեցող Ռիկսդագին։ Գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը, որը գլխավորում է վարչապետը։ Շվեդիան ունիտար պետություն է, որը բաժանվում է 21 կոմսությունների և 290 մունիցիպալիտետների։
2024 թվականի մարտի 7-ին Շվեդիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ[5]։