Ամերիկա-բրիտանական հարաբերություններ
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկա-բրիտանական հարաբերություններ, երկկողմ հարաբերություններ Ամերիկայի Միացյալ նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև։ Երկու երկրների փոխադարձ սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում 20-րդ դարի կեսերից ընդունված է բնութագրել որպես «հատուկ հարաբերություններ» (անգլ.՝ specialrelationship)[1][2]։
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան լինելով գործընկերներ 20-րդ դարի սկզբից մշտապես աջակցել են միմյանց դիվանագիտական և ռազմական հարցերում։ Մեծ Բրիտանիան համարվում է Ամերիկայի ռազմական տեսանկյունից ամենաուժեղը դաշնակիցը[3][4][5] (վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի ռազմական ծախսերը կազմում են ԱՄՆ ռազմական ծախսերի մոտավորապես մեկ տասներորդ մասը[6])։
1956 թվականի Սուեզի ճգնաժամից հետո, որը Մեծ Բրիտանիայի համար դարձել է աշխարհաքաղաքական աղետ[7], Բրիտանիան վերջնականապես դադարել է ինքնուրույն դեր խաղալ միջազգային հարաբերություններում որպես մեծ տերություն[8][9] և անշեղորեն հետևում Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ուղուն[10]։ Բրիտանացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես Միացյալ հետախուզական կոմիտեի ղեկավար Ռոդրիկ Բրեյթվեյտի (1992-1993) և արտաքին գործերի նախարար Ռոբին Կուկի (1997-2001) կարծիքով, Բրիտանիան դե ֆակտո զրկվել է իր ինքնիշխանությունից և լիովին ենթակա և ԱՄՆ-ից կախյալ դեր ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազգային պաշտպանությունը, անվտանգությունը, լրտեսությունը, ինչպես նաև իր քաղաքացիների արտահանձնման հարցերը[11]։