Զանգված
մարմնի իներտության չափ / From Wikipedia, the free encyclopedia
Զանգված, սկալյար ֆիզիկական մեծություն, ֆիզիկայի կարևորագույն հասկացություններից։ Մատերիայի իներցիոն և գրավիտացիոն հատկությունների ֆիզիկական բնութագիրն է։ Սկզբնապես՝ XVII - XIX դարերում, բնութագրում էր «նյութի քանակը» ֆիզիկական ծավալում։ Ըստ այն ժամանակվա պատկերացումների՝ զանգվածից էր կախված կիրառված ուժին դիմադրելու մարմնի հատկությունը (իներցիա), ինչպես նաև գրավիտացիոն հատկությունները՝ կշիռը։ Սերտորեն կապված է «էներգիա» և «իմպուլս» հասկացությունների հետ։ Ժամանակակից պատկերացումների համաձայն, զանգվածը համարժեք է հանգստի էներգիային։
- Այս հոդվածը ֆիզիկական մեծության՝ զանգվածի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Զանգված (այլ կիրառումներ)։
Ներկայիս ֆիզիկայում «նյութի քանակ» հասկացությունը այլ իմաստ ունի, իսկ «զանգված» հասկացությունը կարելի է մեկնաբանել մի քանի եղանակներով.
- Պասիվ գրավիտացիոն զանգվածը ցույց է տալիս, թե ինչ ուժով է մարմինը փոխազդում արտաքին ձգողական դաշտերի հետ։ Զանգվածը կշռելով չափելու ժամանակակից չափագիտության հիմքում այս զանգվածն է։
- Ակտիվ գրավիտացիոն զանգվածը ցույց է տալիս, մարմնի ստեղծած ձգողական դաշտը. տիեզերական ձգողության օրենքում հանդես է գալիս այս զանգվածը։
- Իներտ զանգվածը բնութագրում է մարմնի իներտությունը և հանդես է գալիս Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումներից մեկում։ Եթե իներցիալ հաշվարկման համակարգում կամայական ուժը հավասարապես է արագացնում տարբեր՝ սկզբնապես անշարժ վիճակում գտնվող մարմինները, ապա այդ մարմիններն ունեն միևնույն իներտ զանգվածը։
Փորձնականորեն գրավիտացիոն և իներտ զանգվածները շատ մեծ ճշտությամբ ( կարգի) հավասար են[1][2], իսկ տեսականորեն ճշգրիտ հավասար են, այդ պատճառով, եթե խոսքը չի վերաբերում ստանդարտ մոդելի շրջանակներից դուրս գտնվող ֆիզիկային, պարզապես խոսում են զանգվածի մասին՝ առանց հավելյալ մանրամասների։
Դասական մեխանիկայում մարմինների համակարգի զանգվածը հավասար է համակարգը կազմող մարմինների զանգվածների գումարին։ Ռելյատիվիստական մեխանիկայում զանգվածը ադիտիվ ֆիզիկական մեծություն չէ, այսինքն՝ ընդհանուր դեպքում համակարգի զանգվածը հավասար չէ նրա բաղադրիչների զանգվածների գումարին, այլ ներառում է նաև կապի էներգիան և մասնիկների՝ միմյանց նկատմամբ շարժման էներգիան։