Իրանի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Իրանի պատմություն, համաշխարհային քաղաքակրթության պատմության մի մասը։ Իրանը հնագույն կենտրոններից է։ Արդեն մ.թ.ա. 4-3 հազարամյակներում Իրանում գոյություն ուներ զարգացած մշակույթ։ Իրանի ոչ պաշտոնական պատմության մեջ, պահպանված բազմաթիվ հուշարձանների և հիշատակությունների համաձայն՝ Իրանը մի քանի հազար տարվա քաղաքակրթություն ունեցող երկիր է, քաղաքակրթություն, որի արմատները խորանում են մ.թ.ա․ հազարամյակների խորքերը, և դեռ այն ժամանակ Իրանը ժամանակի հարուստ մշակույթ և փայլուն, բայց երբեմն ոչ լիարժեք ու ողջ շքեղությամբ ճանաչված ու հայտնի, բայց մեծ քաղաքակրթություն ունեցող երկիր էր[1]։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Գրեթե մեկուկես դար է, ինչ Իրանը հստակ դասակարգված և պաշտոնապես հաստատված պատմական ժամանակաշրջանների բաժանում ունի, որն ընդգրկում է հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերի պատմությունը․ ժամանակաշրջաններ, որոնք սկիզբ են առնում Իլամական, Մարական, Աքեմենյան դինաստիաների և կայսրությունների թվագրումով, և շարունակելով իսլամից հետո ներկայացնել մեծ ու փոքր դինաստիաների և կայսրությունների պատմական ժամանակաշրջանը՝ հասնում են մինչև մեր օրերն ու ընդգրկում Իրանի նորագույն պատմությունը։
Իրանի տարածքում բնակվող ցեղերը զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Մ.թ.ա. 3 հազարամյակի սկզբին Իրանի հարավ-արևմուտքում ստեղծվել են քաղաքական պետություններ, այնուհետև առաջացել է Էլամ պետությունը։ Մ.թ.ա. 2 հազարամյակում Իրանի ներթափանցեցին արիները, որոնք ձուլվեցին տեղաբնիկների հետ։ Արիներ անունից է հավանաբար աոաջացել «Իրան» անվանումը[2]։
Իրանի պատմության վաղեմությունը փաստող բազում փաստարկներով հանդերձ, Իրանի պաշտոնական պատմությանը 2500 տարվա վաղեմություն է վերագրվում, և պաշտոնական աղբյուրներում պատմության սկիզբը համարվում է Աքեմենյան թագավորության ժամանակաշրջանը, որից առաջ հիշատակվում են միայն Իլամի ու Մարական դինաստիաներն ու կայսրությունները, այն էլ զուտ որպես Աքեմենյան կայսրության ձևավորման և նրանց մուտքն Իրանի պաշտոնական պատմության մեջ ապահովելու համար նախաբան և հող պատրաստողներ[3]։
Ներկայիս Իրանի տարածքը մի միասնական աշխարհագրական միավորի մեծ մասն է կազմում, որը կոչվում է Իրանական բարձրավանդակ։ Այս աշխարհագրական միավորն իր բնության, կլիմայական ու կենսապայմանների բազմազանությամբ հանդերձ կարողացել է միայն իրեն բնորոշ աչքի ընկնող առանձնահատուկ մշակութային միասնականություն ձևավորել։ Անշուշտ, մարդկային քաղաքակրթությունը շատ հարցերում երախտապարտ է այս տարածքում երկար տարիներ ապրած մարդկանց հանճարին և ստեղծարար մտքին, որոնք, ապրելով այս կլիմայական բազմազանությամբ աչքի ընկնող տարածքում, զինվելով համբերատարությամբ տարածաշրջանում տիրող աշխարհագրական և բնակլիմայական համակարգի հետ փոխհարաբերակցվելիս, ժամանակի ընթացքում կարողացել են կերտել իրենց մշակութային պատմությունն ու քաղաքակրթությունը[4]։