Կազակական հետմանություն
From Wikipedia, the free encyclopedia
Կազակական հետմանություն (ուկրաիներեն՝ Гетьманщина, Hetmanščyna), պաշտոնապես հայտնի է Զապորոժյան Սեչ անվանումով (Військо Запорозьке, Vijśko Zaporoźke, լատին․՝ Exercitus Zaporoviensis),[1], կազակական պետական կազմավորում[2][3][4] Կենտրոնական Ուկրաինայի տարածաշրջանում 1648-ից մինչև 1764 թվականը (ըստ որոշ աղբյուրների՝ մինչև 1782 թվականը)[2] ընկած ժամանակամիջոցում։ Հիմնադրել է Բոգդան Խմելնիցկին իր նախաձեռնած ու ղեկավարած հակալեհական ապստամբության (1648–1657 թթ.) արդյունքում։ Ցարական իշխանության հետ 1654 թվականին Պերեյասլավլում նրա կնքած դաշնագրով վասալական հարաբերությունների հաստատումը խորհրդային, ուկրաինական ու ռուսական պատմագրության մեջ դիտարկվում է որպես ուղենշային կետ։ 1659 թվականին Պերեյասլավլում տեղի ունեցած երկրորդ խորհրդաժողում կնքված փաստաթուղթն էլ ավելի է սահմանափակել հետմանության անկախությունը, թեև մոսկովյան կողմը փորձեր է արել բանն այնպես ներկայացնելու, թե իբր հետման Յուրի Խմելնիցկու հետ 1659 թվականին ձեռք բերած պայմանավորվածությունները ոչ այլ ինչ են, քան Բոգդանի հետ նախկինում՝ 1654 թվականին ձեռք բերված համաձայնություններ[5][6][7]։ Անդրուսովոյի 1667 թվականի դաշնագիրը, որը կնքվել է առանց կազակական հետմանության ներկայացուցչի մասնակցության, սահմանել է Ռուսաստանի և Լեհաստանի միջև սահմանները, հետմանությունը երկու մասի է բաժանել՝ Դնեպր գետի երկայնքով, և Զապորոժյան Սեչը դրել է ռուս-լեհական համատեղ կառավարման ներքո։
1708 թվականին Ռուսաստանի հետ միությունը խզելու՝ Իվան Մազեպայի ձեռնարկած անհաջող փորձից հետո ամբողջ տարածքը ներառվել է Կիևի նահանգի կազմում (1708–1775)[8], կազակական ինքնավարությունն ավելի մեծ խստությամբ է սահմանափակվել։ Եկատերինա Երկրորդ կայսրուհին 1764 թվականին պաշտոնապես վերացրել է հետմանությունը, 1764-1781 թվականներին կազակական հետմանությունը ներառվել է Մալոռուսիա (Փոքր Ռուսիա) նահանգի կազմում։ Նահանգապետ Պյոտր Ռումյանցևի եռանդուն մասնակցությամբ հետմանական վարչական համակարգի վերջին մնացորդները 1781 թվականին վերացվել են։