Ռեալիզմ (կերպարվեստ)
From Wikipedia, the free encyclopedia
Ռեալիզմ, գեղարվեստական շարժում, որը ձևավորվել է 1850-ական թվականներին Ֆրանսիայում՝ հեղափոխությունից հետո[1]։ Ռեալիստները մերժում էին ռոմանտիզմը, որը, սկսած 18-րդ դարից, գերիշխում էր ֆրանսիական գրականությունում և արվեստում։ Ռեալիզմն ապստամբում էր ռոմանտիկ շարժման չափազանցված, ոչ իրական թեմաների և էմոցիաների դեմ։ Փոխարենը, ռեալիզմի ներկայացուցիչները ձգտում էին նկարել իրական, ժամանակակից մարդկանց և իրավիճակներ՝ ներկայացնելով դրանք ճշգրտորեն և չխուսափելով անդրադառնալ կյանքի տհաճ կամ ստոր կողմերին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռեալիզմ (այլ կիրառումներ)
Ռեալիստները նկարում էին տարբեր խավերի ներկայացուցիչներին կյանքի տարբեր իրավիճակներում։ Սովորաբար այդ աշխատանքները արտացոլում էին կյանքում Արդյունաբերական հեղափոխության հետևանքով առաջացած փոփոխությունները։ Այսպիսի «իրատեսական» աշխատանքների ժողովրդականությունն է՛լ ավելի աճեց, երբ ներկայացվեց լուսանկարչությունը. նոր վիզուալ ուղղություն, որը ձգտում էր պատկերել իրերը և մարդկանց ճիշտ այնպիսին, ինչպիսին նրանք կան։
Ռեալիստները ժամանակակից մոտեցում էին ցուցաբերում առօրյա առարկաներ և իրավիճակներ պատկերելիս։ Նրանք խուսափում էին և՛ դասական իդեալիզմից և՛ ռոմանտիկ էմոցիոնալիզմից ու դրամայից։ Սոցիալական ռոմանտիզմը շեշտը դնում էր բանվոր դասակարգի վրա և վերաբերվում էր նրանց այնպես, ինչպես մյուս դասակարգերին։ Հերոսական, սենտիմենտալ թեմաները հավասարապես մերժվում էին[2]։
Ֆրանսիայում ռեալիզմի՝ որպես արվեստի ուղղության առաջնորդ Գյուստավ Կուրբեն էր։ Այն տարածվեց ողջ Եվրոպայով մեկ և պահպանեց իր ազդեցությունը շուրջ մեկ դար։ Սակայն իմպրեսիոնիզմի և ավելի ուշ ձևավորված շարժումների տարածումից հետո ռոմանտիզմը քիչ-քիչ սկսեց զիջել իր դրիքերը։