Նախաճաշ խոտի վրա (Մանե)
Էդուարդ Մանեի նկար / From Wikipedia, the free encyclopedia
Նախաճաշ խոտի վրա (ֆր.՝ Le déjeuner sur l'herbe), 1863 թվականին նկարված Էդուարդ Մանեի հանրահայտ կտավն է։ Այժմ գտնվում է Փարիզի Օրսե թանգարանի 19-րդ դահլիճում։
Նկարի անունը նախապես «Լոգանք» (ֆր.՝ Le bain) էր։ Նկարը նախատեսված էր Փարիզի սալոնում ցուցադրվելու համար, բայց 3000 այլ նկարների հետ ժյուրին այս նկարը չթողեց, որ մասնակցի ցուցահանդեսին։ Բոլոր այս նկարները ցուցադրվել են Նապոլեոն III-ի միջամտությամբ բացված այսպես կոչված՝ Մերժվածների սալոնում։
Նկարի սյուժեի ընտրությունը՝ բնության գրկում երկու լրիվ հագնված տղամարդ մերկ կնոջ հետ, հասարակության կողմից չըմբռնվեց և նկարի հեղինակին դեկադենտության և անճաշակության մեջ մեղադրելու առիթ տվեց։ Դիտողները վրդովվել էին ոչ միայն սյուժեից, այլ նրանից, որ մերկ կինը ուղղակի նայում էր հանդիսատեսին։ Վրդովմունքի առարկա էր նաև այն, որ կերպարները ճանաչելի էին՝ կինը Վիկտորիա Մյորանն էր (ֆր.՝ Victorine Meurent), տղամարդկանցից մեկը Մանեի եղբայր Գյուստավն էր, իսկ երկրորդը՝ նկարչի ապագա աներորդի Ֆերդինանդ Լեենհոֆը (ֆր.՝ Ferdinand Leenhoff)։ Տղամարդիկ հագնված էին դենդիի նման։ Նկարում նրանք այնպես են տարված զրույցով, որ չեն նկատում կանանց։ Նրանց առաջ փռված է կանացի հագուստ, մրգերով զամբյուղ և կլոր հաց։ Ետին պլանում թեթև շորերով մի կին լողանում է գետում։ Նա առաջին պլանում նստածների համեմատությամբ խոշոր է նայվում։ Նկարի հետին պլանը խորություն չունի, տպավորություն է ստեղծվում, որ գործողությունը նկարված է, ոչ թե բնության մեջ, այլ ստուդիայում։ Այդ տպավորությունը շեշտում է համարյա ստվեր չգցող լուսավորությունը։
Մանեն «Նախաճաշ խոտի վրա» նկարը մտահղացել էր Արժանտում (Argenteuil), Սենի ափին կիրակի օրը անցկացնելուց հետո։ Նկարի կոմպոզիցիայի համար Մանեն հիմք է ընդունել Ռաֆայելի գծանկարով Մարկանտոնիո Ռայմոնդիի «Պարիսի դատը» փորագրանկարի հատվածը։
Նկարի ոճը այն ժամանակվա ակադեմիական ավանդույթների խզում է։ Սուր «լուսանկարչական» լույսը վերացնում է կիսատոները։ Մանեն չի փորձել քողարկել վրձնահարվածները, և այդ պատճառով նկարը որոշ հատվածներում անավարտ տեսք ունի։ «Նախաճաշ խոտի վրա» նկարում մերկությունը էապես տարբերվում է Ալեքսանդր Կաբանելի և Ժան Դոմինիկ Էնգրի նկարած անթերի և փափուկ մարմիններից։